07:59 HP-ն դադարեցնում է iPhone-ի եւ iPad-ի «մարդասպանների» թողարկումը | |
HP ընկերությունը պաշտոնապես հայտարարել է webOS օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող սմարթֆոնների եւ պլանշետների արտադրությունը դադարեցնելու մասին: Սակայն HP-ն մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել webOS-ից եւ, ըստ ամենայնի, այդ օպերացիոն համակարգի /ՕՀ/ լիցենզիան կտրամադրի այլ ընկերություններին:
Համակարգիչների թողարկումը 1-1,5 տարվա ընթացքում HP-ն կդարձնի առանձին ընկերություն:
Ինչպես հաղորդում է cnews.ru-ն, WebOS-ի դադարեցման պատճառը նախ եւ առաջ HP TouchPad պլանշետի եւ Palm Pre սմարթֆոնների վաճառքի ձախողումն է:
Միաժամանակ НР-ն հայտարարել է HP-ում համակարգիչների մշակմամբ եւ թողարկմամբ զբաղվող Personal Systems Group (PSG)-ի ստորաբաժանումը առանձին ընկերություն դարձնելու մտադրության մասին: Դրա նպատակն է` բարելավել ֆինանսական ցուցանիշները. չնայած HP-ն համակարգիչների աշխարհի խոշորագույն արտադրողն է, նրա եկամուտները այս ուղղությամբ չեն աճում: 1–1,5 տարվա ընթացքում ընկերությունը կարող է հրաժարվել համակարգիչների բիզնեսից:
WebOS-ը HP-ի սեփականություն է դարձել 2010-ի ապրիլի 29-ին` սմարթֆոններ արտադրող Palm ընկերությունը գնելուց հետո: Գործարքի գինը կազմել է $1,4 մլրդ: Դրան նախորդել են բանակցությունների մի քանի փուլեր 16 ընկերությունների միջեւ, որոնք հավակնում էին ձեռք բերել ամերիկյան արտադրողի անկայուն բիզնեսը:
Ինչպես նշում են փորձագետները, webOS-ի հիման վրա աշխատող սարքերի արտադրությունը դադարեցնելու մասին HP-ի որոշումը մեծ հարված կլինի այս օպերացիոն համակարգի համար, որը շատ երկրպագուներ ունի եւ ծրագրային ապահովման որակի տեսակետից Android-ի եւ iOS-ի արժանի մրցակիցն է:
Հրաժարվելով բջջային սարքերից եւ համակարգիչներից` НР-ն կարող է կենտրոնանալ կորպորատիվ ծրագրային ապահովման արտադրության եւ համապատասխան ծառայություններ տրամադրելու վրա: Այդ նպատակով նա $10,3 մլրդ-ով ձեռք է բերել Autonomy ընկերությունը: Autonomy-ն զբաղվում է որոնման համակարգերի, տվյալների վերլուծության համար ծրագրային ապահովումների եւ տվյալների կառավարումի մշակմամբ: Ընկերությունը աշխարհում ունի շուրջ 25 հազ. պատվիրատու: | |
|
Всего комментариев: 0 | |