Facebook սոցցանցը հայտարարել է, որ մոտակա ժամանակում պատրաստվում է փակել իր զեղչային ծառայությունը՝ Facebook Deals-ը, որը հավակնում էր դառնալ նմանատիպ Groupon և LivingSocial կայքերի մրցակիցը:
«Փորձարկելով Deals-ը 4 ամսվա ընթացքում՝ մենք որոշեցինք փակել այն: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարծում ենք, որ տեղային բիզնեսի սոցիալական գովազդը մեծ ապագա ունի: Մենք շատ բան սովորեցինք փորձարկման շնորհիվ և պատրաստվում ենք զարգացնել նման արտադրանքները», - ասվում է Facebook-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Մի քանի օր առաջ սոցցանցը փակել է նաև Facebook Places ծառայությունը, որը թույլ էր տալիս բջջային տարբերակից օգտվողներին նշել գտնվելու վայրը: Այժմ դա հնարավոր է անել անմիջապես համակարգչային տարբերակից՝ նշելով գտնվելու վայրը կարգավիճակի հետ միասին:
Facebook-ում պարզեցվել են նաև գաղտնիության կարգավորումներն. այժմ օգտագործողը կարող է ավելի հեշտորեն ընտրել՝ ովքեր կարող են տեսնել իր կարգավիճակները, նկարները և բոլոր տեսակի գրառումները հենց հրապարակման պահին: Իսկ պրոֆիլի վերին աջ հատվածում այժմ կա նաև ‘Edit profile’ կոճակը, որին սեղմելով կարելի է ընտրել պրոֆիլի տարբեր բաժինների գաղտնիության աստիճանը (նկար 1.):
Եվս մեկ կարևոր նորամուծություն է պիտակավորված նկարների հաստատումը: Այժմ օգտագործողը կարող է հաստատել այն նկարը, որտեղ նշված է, մինչև այն կհայտնվի իր պրոֆիլում (նկար 2):
Սոցցանցը հեշտացրել է նաև սեփական պրոֆիլն ընկերների «աչքերով» տեսնելու ֆունկցիան: Այժմ պրոֆիլի վերին աջ հատվածում կա ‘View Profile as’ կոճակը, որի օգնությամբ կարելի է տեսնել, թե կոնկրետ ընկերների համար ինչպիսի տեսք ունի այն (նկար 3):
Facebook-ում փոխվել է նաև նկարների դիտման ետին պլանը, որը նախկին սևի փոխարեն սպիտակ է, իսկ նկարներն արդեն կարելի է տեղադրել սոցցանցում ավելի բարձր որակով:
|