Microsoft ընկերության ծրագրերի մշակման և ուղեկցման կառավարման գծով տնօրեն Ալեքս Սայմոնսը պատմել է, որ Windows 8-ում սպասվում են մի շարք բարելավումներ, որոնք կոչված են պարզեցնել ֆայլերի հետ աշխատանքը: Ֆայլերի copy paste-ը, տեղափոխումը, վերանվանումը և ջնջումը Windows-ի ամենահաճախ օգտագործվող ֆունկցիաներից են, և կազմում են ֆայլերի հետ բոլոր գործարքների ընդհանուր թվի 50%-ը:
Ֆայլերի կառավարման ինտերֆեյսը օգտագործողի համար ավելի հաճելի դարձնելու համար Microsoft-ը հետևյալ 3 քայլերի է դիմել.
Նախ, եթե առաջ ֆայլերի տեղափոխման կամ պատճենման (copy) ժամանակ ամեն անգամ առանձին պատուհան էր բացվում, ինչը հաճախ խանգարում և նյարդայնացնում էր, ապա Windows 8-ում բոլոր պրոցեսները արտացոլվելու են միասնական պատուհանի մեջ: Այսպես, օգտագործողին ավելի հեշտ կլինի դիտել և կառավարել առանձին վերցրած պրոցեսները: Բացի այդ, հնարավորություն կլինի կանգնեցնել և վերսկսել այդ պրոցեսները, այլ ոչ թե միայն չեղյալ համարել դրանք:
Հաջորդ նորարությունը վերաբերում է ֆայլերի տեղափոխման ժամանակին: Windows 8-ում սպասվում է նոր, ավելի ինֆորմատիվ գրաֆիկ, որը ցույց կտա օգտագործողին ֆայլերի տեղափոխման ավարտին մնացած ճշգրիտ ժամանակը և մնացած պատճենման ծավալը:
Եվ վերջապես, ավելի հարմարավետ է դարձել ֆայլերի փոխարինման և վերանվանման գործընթացը միևնույն թղթապանակում գտնվող նույն անունով ֆայլերի համար: Windows 8-ի համար ստեղծվել է հատուկ պատուհան, որը թույլ կտա օգտագործողներին ավելի ճշգրիտ որոշել, թե որ ֆայլը գերադասելի է վերանվանել, իսկ որոնք փոխարինել նորով կամ ընդհանրապես ձեռք չտալ:
|