21:19 ԱրմենՏել-ը տուգանվեց 100 մլն դրամով | |
Արմենտել ընկերությունը խիստ նախազգուշացում է ստացել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ իր վարքագծով Ucom ընկերության հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը խոչընդոտելու, մասնավորապես Ucom-ի ֆիքսված կապի օպերատորի նկատմամբ խտրական սակագներ կիրառելու համար:
Մի քանի օր առաջ Ucom ընկերությունը վարչական բողոք էր ներկայացրել ՏՄՊՊՀ, ըստ որի՝ «Արմենտելն» իր բջջային ցանցից դեպի Յուքոմի ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ/րոպե (բոլոր սակագնային պլանների համար), մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգելու 1 րոպեի արժեքը տարբեր սակագնային պլաններում տատանվում է 29,99-ից մինչև 59 դրամ:
Յուքոմի դիմում-բողոքում նշվում է, որ նման անբարեխիղճ մրցակցության հետևանքով բաժանորդները խուսափում են Beeline-ից Ucom-ի ֆիքսված ցանց զանգել:
Այսօր տեղի ունեցած նիստում ՏՄՊՊՀ-ն հաստատել է այն, որ «ԱրմենՏել» ընկերությունը սահմանել է խտրական գներ, ինչի արդյունքում ստեղծվել են մրցակցային անհավասար պայմաններ: «Արմենտելի» իրավաբան Դավիթ Սանդուխչյանը իր հերթին հայտարարել է, որ ընկերությունն, ընդունելով իրավախախտման փաստը, արդեն իսկ հավասարեցրել է «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային ցանցից դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված այլ ցանցեր կատարվող զանգերի սակագները դեպի «ԱրմենՏել» ՓԲԸ ֆիքսված հեռախոսացանց կատարվող զանգերի սակագնին:
ՏՄՊՊՀ-ն ընդունել է 2 որոշում ևս, որոնք վերաբերում են «Արմենտել» ընկերության՝ գերիշխող դիրքի չարաշահմանն ու անբարեխիղճ մրցակցությանը: Ըստ որոշումների՝ սահմանվել է տուգանք՝ 100 միլիոն դրամ՝ գերիշխող դիրքի չարաշահման համար և 500 հազար դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար։
«ԱրմենՏելի» ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը հրաժարվում է հանձնաժողովի նկատմամբ ունեցած իր բոլոր դատական հայցերից և պատրաստ է վճարել տուգանքը:
| |
|
Всего комментариев: 0 | |